пятница, 24 февраля 2012 г.

Windows 7-ը «խոստանում է» IT-մասնագետներին ապահովել աշխատանքով


Ամբողջ աշխարհում մասսայական անցումը Windows XP-ից Windows 7 օպերացիոն համակարգին կարող է պատճառ դառնալ համաշխարհային շուկայում IT-մասնագետների պահանջարկի կտրուկ աճի: Այսպիսի կանխատեսմամբ հանդես են եկել Gartner-ի վերլուծաբանները` նշելով, որ 2011-12 թվականներին կարող է գրանցվել անգամ IT-մասնագետների պակասուրդ: Վերլուծական գործակալության հրապարակած զեկույցի համաձայն` առաջիկա տարիներին խոշոր և միջին բիզնեսի ոլորտի ընկերությունները ստիպված կլինեն իրենց աշխատանքային գրասենյակներում փոխել շուրջ 250 մլն համակարգիչների օպերացիոն համակարգեր, ինչը, ըստ գնահատականների, կխթանի շուկայում պահանջարկը IT-մասնագետների նկատմամբ: Միևնույն ժամանակ, զեկույցում նշվում է, որ գործարար միջավայրում Windows XP-ից Windows 7 օպերացիոն համակարգին անցման գործընթացում, որքան էլ որ ընկերությունները արդյունավետ գործեն, կպահանջվեն նաև զգալի լրացուցիչ ֆինանսական միջոցներ:
Հատկանշական է, որ չնայած յուրաքանչյուր ժամ ամբողջ աշխարհում անընդմեջ աճում են Windows 7 օպերացիոն համակարգի վաճառքի ծավալները, այնուամենայնիվ, անգամ այս միտումները չեն կարողանում հաղթել Windows XP-ի տարածվածությանը: Microsoft ընկերության հաշվարկներով ամբողջ աշխարհում անհատական համակարգիչների զգալի մասը և, մասնավորապես, բիզնես միջավայրում համակարգիչների շուրջ 74%-ը դեռևս աշխատում են ինը տարվա պատմություն ունեցող օպերացիոն համակարգով: Ելնելով իր համար ոչ գոհացուցիչ այս տվյալներից` Microsoft ընկերությունը որոշել է երկարաձգել Windows XP-ից Windows 7-ին անցնելու ժամանակացույցը: Այսպես, Windows XP SP3-ը «կապրի» մինչև 2014 թվականի ապրիլ ամիսը:
Հատկանշական է, որ Windows օպերացիոն համակարգի պատմության ողջ ընթացքում Windows 7-ն ամենաարագ վաճառվող տարբերակն է: Շուկայում Windows 7 օպերացիոն համակարգը ներկայացնելու առաջին յոթ ամիսներին Microsoft-ին հաջողվել է վաճառել այս նոր օպերացիոն համակարգի շուրջ 150 մլն լիցենզիա: Windows 7-ը ներկայումս զբաղեցնում է շուկայի 14%-ը:

Комментариев нет:

Отправить комментарий